Սեպտեմբերի ընթերցարան 2023

Ես

Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին: Խեցգետինն ուզեց
ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
— Դո՜ւ…
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն
ազատեց:

Չալ կաչաղակը

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
– Չկա, չէ, չէ…

Հնարագետ նապաստակը

Ստեփան Լիսիցյան

մաս 1-ին
Լինում է, չի լինում, մի հայր նապաստակ է լինում: Մի օր
նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է տան չորս բոլորն
աղվեսներն են վազվզում:
— Վա՜յ իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս
սրանց ձեռքից ազատեմ,- ասում է նապաստակը:
Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Անպատճառ մի ճար կգտնի:
Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե այս ի՞նչ է անում հայրիկը.
Ներկերը հանել է, մի տախտակ է դրել իր առջև և վրձինով ինչ-որ գրում է:
Տեսնես այդ ի՞նչ է գրում:

մաս 2-րդ
Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու
փուս մտավ ներս: Գալիս է աղվեսն ու կարդում. «Այստեղ ապրում է
պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղը գիտի, խնդրեմ իմաց տա»ֈ
— Վա՜յ, տունս քանդվեց,- կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:
— Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ: Պարոն շունը մեր անտառում է
բնակվել: Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ, քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…
Ա՜յ թե ուրախացան նապաստակները:
Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:

Ամպի երեխաները

մաս 1-ին
Ամպը չորս երեխա ունի: Չորսին էլ լավ ճանաչում եք: Մեծը հաճախ է գալիս, խփում տանիքներին, աղմկում տանիքների վրա: Երբեմն էլ կարծես գժվում է` թափվում է ու թափվում, գետերն է լցվում, դրանք էլ հորդանում են,ափերից դուրս գալիս, ծածկում ամեն բան:

Նա վատը չէ, ընդհակառակը` այնպե՜ս   է ծառ ու ծաղիկ սիրում, իջնում է, զովացնում  ծարավ կանաչներին, ջուր տալիս չորացած հողին:

մաս 2-րդ
Նրա քույրը ճերմակ աղջիկ է: Ցրտերը վրա հասնելուն  պես փռում է իր փափուկ վերմակը  մերկ անտառների ու դաշտերի վրա, որ փոքրիկ սերմերը չմրսեն հողի տակ։

Բայց ի՜նչ չար է սրանց եղբայրը: Գալիս է քամու հետ, որն իր նման խենթ է, փշրում է ծառ ու ճյուղ, փչացնում արտ ու խոտ` իբր թե կատակ է անում:

մաս 3-րդ
Բոլորից փոքրը պստիկ, քնքուշ աղջիկ է: Գարնանը գիշերներին մարգարիտներ է շարում ծաղիկների ու խոտերի թերթերին: Ձմռան ցրտին նա մեր պատուհանների ապակիներին  իր պաղ մատիկներով գեղեցիկ նախշեր է գծում:

Ահա՛ ամպի չորս երեխաները`Անձրևը, Ձյունը, Կարկուտը և Ցողիկը: Ասացի չէ ՞, որ  չորսին էլ լավ եք ճանաչում:

Արև

Տեղեկատվական տեքստ

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է
մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի
շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է
տալիս մեզ: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ
բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց
լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Լուսին

Տեղեկատվական տեքստ

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում: Բայց չէ՞ որ
ամեն ինչ հեռավորությունից է կախվածֈ Արևը մեզանից շատ ավելի
հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից: Լուսինը
շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև
լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ
սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն: Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ
ջուր: Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել: Լուսինն իր լույսը չունի,
այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած
լույսը:

Աստղեր

Տեղեկատվական տեքստ

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում
են աստղերը: Դրանք անթիվ են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք,
չենք կարողանա հաշվել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի
նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ
վիթխարի գնդեր են, ինչպես Արևը:

Թողնել մեկնաբանություն